24 նոյեմբերի 2021 - 15:27 AMT
Վանեցյան․ Pegasus-ով հարձակվել են իմ ու ընտանիքիս հեռախոսների վրա

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ փաստացի տվյալներ ունի այն մասին, որ Pegasus ծրագրով հարձակում է կատարվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։

Նա հրապարակել է Apple ընկերությունից ստացած նամակը։

«Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել․

1․ Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։

Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա։

2․ Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման։ Իմ, հնարավոր է նաև ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը։

Հ․Գ․ Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից», - ասվում է գրառման մեջ։

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է աննկատ տեղադրվել Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով աշխատող բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա: Ծրագիրը մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը: