25 նոյեմբերի 2021 - 10:30 AMT
Պուտինը Միշելին է ներկայացրել ԼՂ մասով պայմանավորվածությունների իրագործման քայլերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է նրան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերի մասին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում՝ խաղաղ կյանքի վերականգնումը, Հարավային Կովկասում ճանապարհների և տրանսպորտային ուղիների վերականգնումը։

Հենց այս հարցերն է նախատեսվում քննարկել ՌԴ, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։ Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որը կկայանա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։