25 նոյեմբերի 2021 - 11:23 AMT
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Երկու երկրի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմաոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։

Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ըստ ՊՆ տվյալների, հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է 32 գերեվարվածի մասին։