25 նոյեմբերի 2021 - 14:51 AMT
Covid-19-ից մահվան՝ ԱՎԾ և ԱՆ թվերը մոտ 700-ով տարբեր են․ Քննություն է տարվում

Covid-19-ից մահվան դեպքերի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները տարբերվում են Առողջապահության նախարարության ներկայացրածներից։ Շեղումը կազմում է մոտ 700 դեպք, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշակի շեղում կա և այս առումով նշանակված է քննություն»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ որն է տարբերության պատճառը։

Խոսելով պատվաստումների անհրաժեշտության մասին՝ Փաշինյանն ասել է, որ մոտ 700,000 առաջին պատվաստումից հետո որևէ լուրջ բարդության դեպք չի գրանցվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրել է, որ ամբողջական պատվաստում է ստացվել է բնակչության 20 տոկոսը։

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։