26 նոյեմբերի 2021 - 11:23 AMT
Մատվիենկո․ ՀՀ և Ադրբեջանի սահմանները պետք է որոշվեն ՌԴ ՊՆ խորհրդային քարտեզների հիմքով

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսությունը պետք է ընթանա ՌԴ պաշտպանության նախարարությունում առկա ԽՍՀՄ շրջանի քարտեզների հիման վրա։ Այդ մասին նա ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:

Ըստ Մատվիենկոյի, այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանազատումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ռազմական գործողությունները վերսկսելու ցանկություն չառաջանա, տեղեկացնում է Senatinform.ru-ն:

«Ռուսաստանն իր աջակցությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են Հայաստանի և Ադրբեջանի հստակ սահմանները: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, և Ադրբեջանը հավանություն են տալիս այդ մոտեցմանը:

Ընկալում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել», – ասել է Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն և մարդիկ խաղաղ ապրեն, և անհրաժեշտ ամեն ինչ կանի դրա համար:

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։

Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ։

Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սոչիում նոր փաստաթուղթ է ստորագրվելու, հայտարարել էր, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։