29 նոյեմբերի 2021 - 18:32 AMT
ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել․ Պայմանական վթար` ՀԱԷԿ-ում

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսումնաշտաբային վարժանք: Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ի դիզել-գեներատորային կայանի 2-րդ բաժանմունքում պայմանական առաջացել է հրդեհ, վտանգված են աշխատակիցների կյանքն ու առողջությունը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ըստ սցենարի, պատահարի մասին իրազեկվել են արտակարգ իրավիճակների նախարարության և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնները:

Հրդեհի վայր է ժամանել Հատուկ հրշեջ ջոկատի թվով 2 հիմնական մարտական հաշվարկ: Վարժանքը վերահսկվել է ատոմակայանի Ճգնաժմային կառավարման կենտրոնից։

Վարժանքներին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Վահե Դավթյանը, գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ռաֆիկ Բոխյանը և ոստիկանության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը: