30 նոյեմբերի 2021 - 13:55 AMT
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների հետ քաշվելու լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից, ոչ հերքել, ոչ հաստատել է այն, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նախարարությունից հորդորել են սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Ավելի վաղ Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։