30 նոյեմբերի 2021 - 15:29 AMT
Նախարար․ Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ երկրի առաջին դեմքերին անվճար բժշկական օգնություն տրամադրելը նաև ազգային անվտանգության հարց է։

Նա հորդորել է մի հարթությունում չդիտարկել զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալու, սակայն վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելու փաստերը, գրում է Aysor.am-ը։

«Իրար հետ կապ չունեցող երկու հասկացությունները բերում եք նույն հարթության վրա։ Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ իրենց նախընտրությամբ, թե որ բժշկական կենտրոնից օգտվեն», - ասել է Ավանեսյանը։

«Առաջին դեմքերը, նաև այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը ևս պիտի օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Դա ընդունված, ճիշտ պրակտիկա է», - ասել է Ավանեսյանը։

Նոյեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել զինծառայողներին առաջնահերթ ու անվճար բժշկական սպասարկում տրամադրելու վերաբերյալ նախագծին։ Նախագիծը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։