1 դեկտեմբերի 2021 - 14:20 AMT
Covid-19-ի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստման ուղեցույցը հաստատվել է

Հաստատվել է Covid-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Covid-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:

Նշվում է, որ․

կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում Covid-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց,

Covid-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաններն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով,

կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել Covid-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության: