2 դեկտեմբերի 2021 - 11:25 AMT
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ՀՀ-ում և Ադրբեջանում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏO-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակում քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդակցությունն անցկացվել է դեկտեմբերի 1-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և իրավիճակն Աֆղանստանում։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։