2 դեկտեմբերի 2021 - 12:35 AMT
Լավրով․ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի` ՀՀ և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում Ռուսաստանի առանցքային դերակատարության մասին; Այդ մասին նա ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ունեցած ելույթում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը՝ կոնկրետ ներդրում ունենալով դրանց կարգավորման մեջ:

«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա վերաբերում է և Սիրիայում ահաբեկիչների ջախջախմանն ու քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերին, և Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումներում մեր առանցքային դերակատարությանը»,- ասել է նա։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։