2 դեկտեմբերի 2021 - 18:25 AMT
ԱԽ քարտուղար․ Փոխվարչապետերին «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել է, որ փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Արդյունքների մասին կարելի է խոսել նիստի ավարտից հետո միայն, հայտարարել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանությամբ հարց, ինչպես ասել ենք, չի քննարկել և չի քննարկելու։ Եվ այս առումով մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության շրջանակում, որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու այն ենթակառուցվածքները, որոնք Խորհրդային Միության շրջանում գոյություն են ունեցել։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար»,- ասել է նա։

Հարցին, թե այդ դեպքում ինչու համաձայնության չեն գալիս, Գրիգորյանը պատասխանել է․ «Ինչպես միշտ, Հայաստանն այս առումով կոնստրուկտիվ է և պատրաստ է քննարկումներն առաջ տանել։ Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել։ Այդ պայմանավորվածությունները բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից, հունվարի 11-ի հայտարարությունից և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որ ապաշրջափակումը փորձում ենք կատարել այդ փաստաթղթերին համապատասխան»։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։

Հանդիպումից հետո Պուտինն ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց հայտարարություն չեղավ։