2 դեկտեմբերի 2021 - 18:39 AMT
«Հանրապետության հրապարակ» կայարանի համալիրը նորոգվում է՝ նույն նյութով, ձևով ու ծավալով

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ նույն նյութով, նույն ձևով ու ծավալներով վերականգնվում է։

Նա տեղեկացրել է նաև, որ աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։

Նշվում է, որ վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլև «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսացման անհրաժեշտությամբ:

«Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու և վերականգնված պատմաճարտարապետական միջավայր»,-ասվում է գրառման մեջ: