3 դեկտեմբերի 2021 - 13:44 AMT
Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմին՝ ԼՂ հարցում դիրքորոշման համար

ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Միխայել Լինհարտին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում մասնակցում է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հրավերով։