3 դեկտեմբերի 2021 - 13:09 AMT
ՀՀ-ում «Մատենա» մասնագիտական կրթության միջազգային կենտրոն է հիմնադրվում

Հայաստանում «Մատենա» մասնագիտական կրթության միջազգային կենտրոն է հիմնադրվում, որի նախաձեռնողներն ու հիմնադիրներն են UWC Dilijan միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը։

Կենտրոնն առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ՝ արդեն հավաքագրած լինելով թե համաշխարհային, թե տեղական փորձագետների հսկայական բազա, համադրելով և մեկտեղելով նրանց փորձը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ:

«Մատենան» հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը:

Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:

Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են․

▪️McKinsey ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը,

▪️Picsart ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը,

▪️Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը

▪️Yandex ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը,

▪️Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը,

▪️Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն,

▪️Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը,

▪️Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը,

▪️Ernst & Young ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը,

▪️Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը,

▪️QG Family Office ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ:

«Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները և օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի այլ երկրներից:

Համաշխարհային և տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների և հասարակության ավելի լայն շերտերի համար:

«Մատենայի» դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։

Մեկնարկային ծրագրերի մասին կհայտարարվի շուտով, իսկ մինչ այդ բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկվում է հետևել լրահոսին և տեղեկանալ «Մատենայի» միջազգային համայնքին միանալու հնարավորությունների մասին: