3 դեկտեմբերի 2021 - 17:48 AMT
TeamPay. Նոր ընկերություն՝ հայկական վճարահաշվարկային շուկայում

«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին:

Նորաստեղծ ընկերությունը նոյեմբերի 23-ին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։

«Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, որոնց միջոցով հաճախորդներին մատուցվելու են վճարումների ընդունման ծառայություններ: 2022թ. առաջին եռամսյակում մենք պլանավորում ենք ներկայանալ TeamPay բջջային հավելվածով, որով ֆինանսական և վճարումների շուկա ենք բերելու նոր գործիքներ՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը», - ասել է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

«Մեր միասնական թիմը, ստեղծելով հայրենական նոր բրենդ, որդեգրել է ռազմավարություն, համաձայն որի, բացի ավանդական կապի ծառայություններից մատուցելու է ժամանակակից IT, ֆինանսական և այլ թվային ծառայություններ, որոնց պահանջը կունենա մեր բաժանորդը և հասարակությունը», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

TeamPay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռելու վճարումներ կատարել ոչ միայն Team Telecom Armenia-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների և այլ վճարումներ: