4 դեկտեմբերի 2021 - 10:54 AMT
Միրզոյանի և համանախագահների հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո ԼՂ կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, տեղեկացմնում է ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։

Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը։

Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, որը կայացել է Ստոկհոլմում դեկտեմբերի 1- 3-ը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հրավերով։