4 դեկտեմբերի 2021 - 11:24 AMT
ԱԳՆ․ Ստոկհոլմում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի եղել

Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպումներից», - ասել է Հունանյանը։

Ավելի վաղ ԱԳՆ-ից ասել էին, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները, հնարավոր է, հանդիպեն Շվեդիայում։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։