4 դեկտեմբերի 2021 - 13:41 AMT
Դեսպան․ Բելառուսը հետաքրքրված է՝ ամրապնդելու ՀՀ հետ գործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։

Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները՝ երկու երկրի միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։

Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել գործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրի ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։