6 դեկտեմբերի 2021 - 18:15 AMT
Թուրքիայում դատում են հայկական եկեղեցու պատին պարած 3 անձի

Թուրքիայում դատավարություն է սկսվել հուլիսին Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա պարած 3 անձի դեմ, որոնք որոշ ժամանակ ձերբակալված էին միջադեպի պատճառով, հայտնում է Bianet-ը։

Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության, մեղադրյալներ Օզանքան Յ․-ին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում՝ «Հանրության որոշակի մասի կրոնական արժեքների հրապարակային ստորացման» համար։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ միջադեպի օրը մեղադրյալները ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Մինչ Օզանքան Յ․-ն երաժշտություն է միացրել ավտոմեքենայում, մյուս մեղադրյալներ Յունուս Էմրե Ու․-ն և Օմեր Ֆարուք Ա․-ն բարձրացել են եկեղեցու դարպասի վրա, որտեղ խաչ է տեղադրված, և պարել են այնտեղ։ Նշվում է, որ այդ գործողությունը հանրության վրդովմունքն է առաջացրել և քննադատության արժանացել սոցցանցերում։

Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալներն իրենց ցուցմունքներում խոստովանել են իրենց արարքը՝ նշելով, սակայն, որ հանցավոր միտումով չեն դա արել։ Նշվում է նաև, որ մեղադրանքը հաստատվել է վկաների ցուցմունքներով և տեսախցիկների տեսագրություններով։

Դատախազությունը պահանջել է մեղադրյալներին դատապարտել 6 ամսից մինչև 1 տարվա ազատազրկման յուրաքանչյուրին։ Նրանք դատարանի առջև կկանգնեն առաջիկա օրերին։

Հուլիսին հայտնի դարձավ, որ Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել էին անարգանքի այդ ակտը։