6 դեկտեմբերի 2021 - 17:04 AMT
ԱՆ․ ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն կա

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

Դեպքային համաճարակաբանական հսկողության շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում և հորդորում է. պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից:

«Եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը։ Եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ։

Մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվեք եղանակին համահունչ, պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հետևեք անձնական հիգիենային»,-ասվում է նախարարության հաղորդագրութան մեջ։

Նշվում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով: