7 դեկտեմբերի 2021 - 12:07 AMT
ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրություն է հրապարակել, ըստ որի Հայաստանում տղամարդիկ են ավելի շատ պատվաստվել, քան կանայք։

Covid-19-ի դեմ առաջին դեղաչափ ստացածների թվում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս:

Երկրորդ դեղաչափ ստացածների շրջանում կանայք 45.2 տոկոս են կազմում, իսկ տղամարդիկ՝ 54.8 տոկոս:

Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,352,805 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով կատարվել է 835,816 պատվաստում, երկրորդով` 516,989:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը հայտարարել են, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։ «Սպուտնիկ Լայթը» լինելու է մեր պատվաստանյութերի մեջ և մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափը (բուսթեր) ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,-ասել է նախարարը։