7 դեկտեմբերի 2021 - 13:53 AMT
ՀՀ նախագահ․ Ի հիշատակ երկրաշարժի զոհերի՝ կարող ենք և պետք է կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պետք է կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը։

«Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:

Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»,-ասվում է նախագահի գրառման մեջ։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում: Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է։

Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում: