8 դեկտեմբերի 2021 - 14:19 AMT
Օհանյան․ Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ նիստի մեկնարկին անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, այն որակել է որպես հերթական խուլիգանություն՝ իշխանության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում են մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել, իսկ եթե ուզում են հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից, Արցախի թեմայով ՀՀ ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու», - ասել է նա:

Նա նշել է, թե ծեծկռտուքը եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգավորված:

«Փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել ու այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են: Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել անվտանգություն ապահովող ՊՊԾ-ն», - նշել է Օհանյանը՝ հավելելով, որ այս դեպքը չի մոռացվելու և սպասում են իշխանության արձագանքին:

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել, որի, մանրամասները, սակայն ստույգ տեղեկություններ չկան։ Հնչել են նաև հայհոյանքներ։ Աղմկոտ միջադեպին, ըստ ականատեսների, մասնակցել են իշխանական խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ տեղեկությունների, ուժ են գործադրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների նկատմամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն նյութեր նախապատրաստելու նպատակով։