9 դեկտեմբերի 2021 - 11:17 AMT
ՌԴ ԱԳՆ․ Լավրով-Միրզոյան զրույցում ռուսական կողմը շեշտել է սահմանազատման շուտափույթ գործարկման կարիքը

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցից։

«Ռուսական կողմից շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանագծման համար, ինչպես նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպման պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։

«Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։