9 դեկտեմբերի 2021 - 15:32 AMT
ԱՀ ՄԻՊ․ Մոլորված արցախցուն ադրբեջանցիները բռնության են ենթարկել

Նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Միհրան Մուսայելյանը, որը նոյեմբերի 26-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել էր հայկական կողմին, բռնության է ենթարկվել ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Դա պարզվել է նախնական բժշկական զննության արդյունքում։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը ներկայացվել է նաև ԱՀ դատախազության կողմից, հաստատել է այդ հանգամանքը։

«Ադրբեջանցիների կողմից բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով քաղաքացին ստացել է մի շարք վնասվածքներ մասնավորապես՝ Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել, հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Հայ գերիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ ադրբեջանական կողմը էթնիկ և կրոնական ատելության հիմքով ցուցաբերել և ցուցաբերում է առանձնակի դաժանություն և բռնություն։ Այս իրավիճակը տարիների ընթացքում Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է»,-ասվում է գրառման մեջ։