9 դեկտեմբերի 2021 - 14:47 AMT
ԱԺ-ում քննարկում են ծանր վիրավորանքների քրեականացման մասին օրենքի չեղարկումը

Ազգային ժողովում քննարկում են ծանր վիրավորանքների քրեականացման մասին օրենքի չեղարկման նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։

Խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ նախորդ գումարման խորհրդարանը «վերջին շնչում» ընդունել է ծանր վիրավորանքների քրեականացման օրենքը, որն արդեն գործում է։

«Իրականում սա օրենք է մեկ մարդու դեմ քննադատությունը սահմանափակելու, պատժելու միջոցով քրեական գործեր հարուցելու համար։ Ընդդիմության հասցեին նման արտահայտությունների դեպքում որևէ իրավական հետևանքներ չկան», -ասել է նա։

Նախագծով առաջարկում է Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկման ընթացքում քննադատել են ընդդիմության ներկայացրած նախագիծը։

Ազգային ժողովը 2021 թ․ հուլիսի 30-ին է ընդունել է օրենք ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ օրինագիծը։ Քրեական օրենսգրքում ավելացվել է 137.1 - րդ հոդվածը ՝ «ծանր վիրավորանք»: Անպարկեշտ հայհոյանքը կամ արժանապատվությունն այլ կերպ վիրավորելն, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100-ից մինչև 500 հազար դրամի չափով տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել կամ պայմանավորված է եղել կոնկրետ անձի հասարակական գործունեությամբ, ապա տուգանքը կազմում է 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ։