9 դեկտեմբերի 2021 - 18:36 AMT
Փոխնախարար․ Ամեն ինչ արվելու է, որ մինչև տարեվերջ առաջնագծի կահավորումն ավարտվի

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու ենք, որ մինչև տարեվերջ ավարտենք առաջնագծի կահավորումը, ամեն ինչ արվում է՝ սահմանին պատշաճ կահավորում և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

«Մենք սահմանին մոդուլային տնակներ ենք տեղադրել, որոնք հնարավորություն են տալիս մեր զինվորիներին՝ հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու համար: Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,-վստահեցրել է փոխնախարարը, գրում է «Փաստինֆոն»։

Վերջինս խուսափել է պատասխանել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ դրանք զգայուն հարցեր են և պետք է բավարարվել միայն պաշտոնական հաղորդագրություններով.

«Խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը, ես անընդհատ փորձում եմ խուսափել սահմանի վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Սահմանային գծի զգայուն հարցերի վերաբերյալ ՊՆ բոլոր պաշտոնյաներն էլ փորձելու են հնարավորինս քիչ տեղեկատվություն տալ, միայն հստակ և կոնկրետություն պարունակող տեղեկություններ պետք է լինեն»,-ասել է Սարգսյանը:

Այն հարցին, թե ի վերջո Իշխանասարում ադրբեջանական զորքերը հետ գնացե՞լ են՝ փոխնախարարը պատասխանել է․ «Մի փիլիսոփայական բան ասեմ՝ եթե Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալու՞ է, թե ոչ: Հանրությանը վստահեցնում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ մեր զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործով ապացուցեցին»,-ասել է Արման Սարգսյանը: