10 դեկտեմբերի 2021 - 14:36 AMT
ՊՆ․ Վարդենիս-Երևան ճանապարհը փակած քաղաքացիները խոչընդոտել են վիրավոր զինվորի տեղափոխումը

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ մասին ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 9-ին Վարդենիսում բնակիչները փակել էին ճանապարհը` բողոքելով ընդդիմադիր դաշինքի առաջնորդի ձերբակալման դեմ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն էին տարածել, որից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը հրավիրվել է Սևանի քննչական կոմիտեն և ձերբակալվել։

ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում անդրադառնալով Վարդենիսի միջադեպին, ասել է, որ Վարդենիսում ՏԻՄ ընտրություններում, հավանաբար, ոչ բաղձալի արդյունքից հետո, մեկ էլ հանկարծ ձերբակալվում է ընտրություններում մեծամասնություն ստացած ընդդիմադիր դաշինքներից մեկի ղեկավարը ։ «Մենակ չասեք, որ դա պատահականություն է»,-ասել է նա։