14 դեկտեմբերի 2021 - 18:17 AMT
Բագրատ Սրբազանը, Խաչատուրովը և Թոխատյանն Աշոտ Մինասյանին ազատելու անձնական երաշխավոր կլինեն

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Որպես երաշխավորներ հանդես կգան Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխատյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«2021թ. դեկտեմբերի 13-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ է ստեղծվել։ Դրա նախագահ է ընտրվել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ։