16 դեկտեմբերի 2021 - 16:20 AMT
Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Նախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Ասլանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին, նրան միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել: