17 դեկտեմբերի 2021 - 16:57 AMT
ՄԻՊ-ի պաշտոնում կառաջադրվի Քրիստինե Գրիգորյանը

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրվի Քրիստինե Գրիգորյանը։ Նրա թեկնածությունը և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցերն արժանացել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների մասնագիտական փորձառություն հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը և հարցրել է, թե ինչպե՞ս է որոշվել, որ այդ անձը հենց Քրիստիննե Գրիգորյանն է: Արձագանքելով Արեգնազ Մանուկյանին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ հեղինակություն ունենալը չափանիշ է, որի գնահատականն ընտրության միջոցով կտա Ազգային ժողովը:

Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել և այսօր կայացած հաստատություններից է: Թեկնածուի խոսքով՝ այդ ինստիտուտի կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող ՄԻՊ Արման Թաթոյանը:

Գրիգորյանի կարծիքով՝ անվտանգային հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման ու պահպանման գաղափարները:

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022թ․ փետրվարին։