18 դեկտեմբերի 2021 - 13:33 AMT
Չավուշօղլու. Ադրբեջանն անուղղակի կերպով միշտ կլինի հայ-թուրքական կարգավորման գործընթացում՝ քայլերը կհամակարգվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ:

«Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի, քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։

Չավուշօղլուն նաև տեղեկացրել է,․ որ Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո նրանք ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե որտեղ ու ինչպես են հանդիպելու:

«Ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Այնուհետև աշխատանք է տարվելու ճանապարհային քարտեզի վրա»,-ասել է նա:

Չավուշօղլուն նաև անդրադարձել է կարգավորման գործընթացին Թուրքիայի հայ համայնքի մասնակցության կամ աջակցության թեմային։

«Թուրքիայում ապրող Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայկական համայնքն էլ անպայման իր նպաստը կունենա: Վերջին օրերին նրանց կողմից այս գործընթացին աջակցող հայտարարություններն արդեն իսկ ներդրում են: Ըստ իրավիճակի և գործունեության դաշտի՝ նրանց մասնակցությունն էլ օգտակար կլինի:

Փոխադարձ չարտերային թռիչքներ իրականացնելու համար դիմած ավիաընկերություններ կան: Կարելի է մտածել այս փուլում երկու կողմերից մեկական ավիաընկերություններով սկսելու, ապա ըստ զարգացումների՝ դրանց թիվն ավելացնելու մասին»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանի, և դա բխում է ՀՀ շահերից։