28 մարտի 2009 - 11:55 AMT
Հռոմում տեղի է ունեցել Անոտնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» գրքի շնորհանդեսը
Մարտի 26-ին Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի Քահանայապետական Լեւոնյան վարժարանում` Իտալիայում Հայաստանի դեսպանության եւ Ռիցոլի (Rizzoli) հրատարակչության կողմից կազմակերպվել է մեծանուն իտալահայ գրող, հրապարակախոս, գիտնական-հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» Մեծ Եղեռնին նվիրված մենագրության շնորհանդեսը:

Անտոնիա Արսլանն առավել հայտնի է հայ հասարակությանը, որպես Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» հեռուստաֆիլմի սցենարին հիմք ծառայած համանուն վեպի հեղինակ, որը լույս է տեսել 2004թ. եւ թարգմանվել ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, հունգարերեն, հունարեն, շվեդերեն, իռլանդերեն, սլովեներեն, ռումիներեն, թուրքերեն, արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ այլ լեզուներով` նվաճելով բազում մրցանակներ:

Բազում մրցանակների դափնեկիր Արսլանն աշխատանքային գործունեությունը սկսել է Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ուսումնասիրությամբ եւ երկհատորյակի իտալերեն թարգմանությամբ, իսկ Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է նրա մենագրությունների կենտրոնում: