18 դեկտեմբերի 2021 - 16:52 AMT
Ուորլիք․ ԼՂ կարգավիճակի հարցը բաց է մնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարելի լուծված համարել և որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է և առանց այդ հարցի լուծման հնարավոր չէ կայունություն ապահովել տարածաշրջանում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ուորլիքը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հետքայլ կատարի՝ փորձելով կարգավորել ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ՝ հավելելով, որ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցում կարևոր դեր խաղալ:

«Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել շատ հարցեր, բայց, հավատացած եմ, որ համանախագահները, ԵԱՀԿ-ն և ԱՄՆ-ն պետք է ակտիվանան և առաջ մղեն այս խնդրի վերջնական կարգավորումը: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,-ասել է ամերիկացի պաշտոնաթող դեսպանը։

Նա նշել է, որ աա տևական գործընթաց է լինելու, դա պետք է գիտակցել, սակայն, դա միակ ճանապարհն է։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներին՝ Ուորլիքը ողջունել է դրանք և կարևորել դեմ առ դեմ հանդիպումները, իսկ, թե ինչ ձևաչափով դա կլինի, արդեն երկրորդական է։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։