18 դեկտեմբերի 2021 - 16:09 AMT
Սարգսյան․ Բանակցություններում ինձ գժի տեղ չեմ դրել, այնպիսի փաթեթ եմ թողել, որտեղ հայերի կենսական շահերը պաշտպանված էին

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարում, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, ԼՂ կարգվորման շուրջ գործընթացին, ասել է, որ բանակցային ժառանգություն այնպիսի փաթեթ է թողել, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար։

«Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ բանակցային բոլոր փաստաթղթերում հետևողականորեն զարգացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները:

Սարգսյանի պնդմամբ՝ սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց ժողովրդի գլխին:

«Այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող եմ ուղիղ պատասխանել մեր ժողովրդին հուզող ևս երեք հարցերի»։ Սարգսյանը նշել է՝ այս պատերազմը հնարավոր էր կանխել, ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել, նոյեմբերի 9-ից հետո հնարավոր էր չեզոքացնել նոր սպառնալիքները: