21 դեկտեմբերի 2021 - 13:48 AMT
Փաշինյան․ ՀՀ և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ գործակցությունն առաջնահերթ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում հայտարարել է, որ ՀՀ և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ գործակցությունն առաջնահերթություն է հայկական կողմի համար։

«Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է:

Ընդ որում, Պարսից ծոց-Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի և երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի և վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ կարող է համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ:

«Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն:

Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ Հայաստանը և Վրաստանը գործակցության մեծ փորձ ունեն էներգետիկ ոլորտում, Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։

«Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին»,-ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով, որ պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:

Դեկտեմբերի 20-ի ն երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում հայտարարվել է, որ ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի։