23 դեկտեմբերի 2021 - 12:53 AMT
Բաքուն դիմել է Google-ին՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները

Ադրբեջանը դիմել է Google Maps ծառայությանը՝ խնդրելով փոխել Արցախի հայանուն տեղանունները Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան՝ նշելով, որ հարցը բարձրացվել է դիվանագիտական խողովակներով։

Ըստ նրա, հարց է բարձրացվել, որ Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզների վրա «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տարածքների ադրբեջաներեն անվանումների հետ մեկտեղ նշվում են դրանց աղավաղված անվանումները` հայերենով», գրում է Trend-ը։

Նա ասել է, թե այդ հարցը գտնվում է Ադրբեջանի ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։

«Ընկերության ղեկավարությանը նամակ ենք հղել ադրբեջանական տարածքների տեղանունների աղավաղման վերաբերյալ։ Հակառակ կողմին ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլլաևան։