Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին։
«ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, գրում է Sputnik Արմենիան։
Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից»։
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Դիմումը ներկայացրել էին ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել: Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ ներկայացնել թեստի պատասխան։