25 դեկտեմբերի 2021 - 13:20 AMT
Սարգսյանը երդվել է և ստանձնել Երևանի քաղաքապետի պարտականությունները

Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Դրան մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Երդման խոսքից հետո իր ելույթում Սարգսյանն ասել է, որ կան բազում խնդիրներ, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մեր նպատակն է իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր։ Քաղաքի կառավարումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունի և պետք է հիմնված լինի արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների վրա»,–ասել է նա։

Նա նշել է, որ շատ է կարևորում ներդաշնակ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին, գրում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է` այն ծրագիրը, որը 2018-ից իրագործվում է Երևանում, դա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, և զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրել՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: