28 մարտի 2009 - 18:34 AMT
Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների համար համաներում չի լինի
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ահաբեկիչների համար համաներում չի լինի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր դիրքորոշումն ու սկզբունքները հայտնի են. մենք ընդունում ենք միայն զենքի կամավոր ցած դնելը», - ասել է նա, հաղորդում է NTV-turk-ը:

Բաղդադում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին ՔԱԿ-ին կոչ է արել ցած դնելու զենքերը եւ հեռանալու Իրաքի տարածքից: Թալաբանիի հայտարարությանը հավանություն է տվել Իրաքի հյուսիսում քրդական վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանին` հայտարարելով ՔԱԿ-ի դեմ պայքարում Թուրքիային աջակցելու պատրաստակամության մասին: Դրա հետ մեկտեղ, Բարզանին ընդգծել է, որ հանդես է գալիս քրդական խնդրի խաղաղ կարգավորման օգտին, այդ թվում նաեւ Թուրքիայում ՔԱԿ-ի համար համաներում հայտարարելու միջոցով:

Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչվել է որպես ահաբեկչական կամզակերպություն ՄԱԿ-ի եւ Եվրամիության կողմից: Թուրքական իշխանությունների հետ հակամարտությունը, որը շարունակվում է ավելի քան 30 տարի, խլել է ավելի քան 40 հազար մարդու կյանք: Թուրքական բանակը պարբերաբար ռազմական գործողություններ, հիմնականում օդային արշավներ է կազմակերպում Հյուսիսային Իրաքում, որտեղ տեղակայված են ՔԱԿ-ի գրոհայինների հիմնական ճամբարները: