Արցախի ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, այն կայանալու է դեկտեմբերի 27-ին։ Քննարկվելու է ԱՀ ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը։
Դեկտեմբերի 26-ին Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։
Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։
Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն ներկայացվելու է ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում, հայտարարել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից։