27 դեկտեմբերի 2021 - 18:40 AMT
Wildberries-ը ՀՀ-ում նոր լոգիստիկ, տարածաշրջանային կենտրոն կկառուցի

Ռուսաստանյան առցանց Wildberries հարթակը նախատեսում է ՀՀ-ում նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն կառուցել։ Այդ մասին հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Ողջունելով Wildberries-ի գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցելու ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:

Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում Wildberries-ի միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առևտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը և տեղեկացրել, որ հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ: