ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Միլանի հայկական եկեղեցում հարց տված ադրբեջանցի «բլոգեր» Ատա Աբդուլլաևը Բաքվում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ, գրում է Region Monitor-ը:
Դատական նիստում Աբդուլլաևը պնդել է, որ ոչ ոքից գումար չի պահանջել։ Միևնույն ժամանակ մեղադրյալը հայտարարել է, թե գիտի որն է նրա մեղքը և բազմիցս ներողություն է խնդրել իր արարքների համար։
Նախկինում Աբդուլլաևը դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման բանակում ծառայելուց խուսափելու համար, իսկ 2014 թվականին՝ գողության համար։
2019թ․ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ «Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է բլոգերը: Փաշինյանի պատասխանի ընթացքում բլոգերը խնդրել է նաև, որ թույլ տան իր հետ եկած անձը տեսանկարահանի ընթացքը, վարչապետը համաձայնել է։ Վարչապետի պատասխանից հետ բլոգերը բարձրաձայն կրկնել է՝ «Շուշին Ադրբեջանինն է, ես գնացի, անվտանգ կգնա՞մ», Փաշինյանն ասել է՝ խնդիր չկա։