29 դեկտեմբերի 2021 - 12:34 AMT
ՌԴ ԱԳՆ․ 2021-ին Մոսկվան ակտիվ նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

2021 թվականին Մոսկվան ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին ասվում է 2021-ի արտաքին քաղաքական հիմնական արդյունքների մասին ՌԴ արտգործնախարարության զեկույցում։

Նշվում է, որ ՌԴ-ն աջակցել է նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, տեղեկացնում է Mid.ru-ն:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը, առայժմ առանց Վրաստանի մասնակցության:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքներ՝ բաժանել են հակամարտող կողմերին և նպաստել են իրավիճակի հանդարտեցմանը։ «Տեղակայելով մեր խաղաղապահներին՝ կարողացանք հանդարտեցնել իրավիճակը, և այժմ արդեն պլանային աշխատանք է կատարվում։ Հիմա արդեն կարելի է այն պլանային համարել։ Աստիճանաբար կյանքը վերադառնում է այդ տարածաշրջան»,- ասել է նա: