30 դեկտեմբերի 2021 - 15:03 AMT
Վարչապետ․ Պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները, և որը մենք ենք երազում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ամփոփելով հետպատերազմյան 2021թ․, ասել է, որ հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար։

Նա նշել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ի հայտ են եկել մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պետական կառավարման համակարգում: Եվ ձևավորվել է օրակարգ, որը պետք է, իհարկե, հետևողականորեն կյանքի կոչենք:

«Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց ես կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի և զինված ուժերի գործառույթը չէ, չի եղել և չպիտի լինի: Այն հավասարապես մեր դիվանագիտական ծառայության, մեր պետական կառավարման այլ մարմինների գործառույթն է: Այստեղ ուզում եմ նշել նաև մեր հատուկ ծառայությունների աշխատանքը, մեր խորհրդարանական դիվանագիտության կարևոր առաքելությունը և աշխատանքը: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ներքին անվտանգության ապահովման գործում նույնպես 2021 թվականին էական մարտահրավերներ ենք հաղթահարել, ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարել ենք առանց ցնցումների: Եվ այս առումով էլ ուզում եմ կրկին ընդգծել մեր ուժային կառույցների, իրավակարգի պահպանման կառույցների աշխատանքը:

Ցանկանում եմ հավատալ, որ 2022 թվականը Հայաստանի համար, իսկապես, կլինի վերածննդի տարի: 2020-2021 թվականներին տեղի ունեցած ցնցումները, այդ ցնցումներով լեցուն ճանապարհն անցնելու մեր ընդունակությունը, որը դրսևորվեց, հույս ունեմ, որ մեզ, իսկապես, կօգնի, ավելի կուժեղացնի՝ մեր 44-օրյա, դրանից առաջ՝ քառօրյա, նաև նախկին Արցախյան պատերազմի մեր զոհերին, Հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր նահատակներին արժանի պետություն կառուցելու գործում: Սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մենք ունենք: Եվ սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մեզ երբեք որևէ պայմաններում, որևէ դեպքում չպետք է թույլ տա երերալ, սասանվել:

Մենք հաստատակամ քայլերով պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար»,-ասել է վարչապետը: