4 հունվարի 2022 - 14:22 AMT
«Սպուտնիկ Լայթը» ՀՀ-ում կկիրառվի միայն որպես բուստեր

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերը համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:

Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) կանխարգելման համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:

Հունվարի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1,660,256 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Առաջին դեղաչափ է ստացել 944,784 մարդ, երկրորդը` 714,685: