5 հունվարի 2022 - 13:18 AMT
ԶՊՄԿ-ի 15% բաժնեմասի կառավարումը հանձնվել է ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդին

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 15% բաժնետոմսերի կառավարումը, որոնք անցել էին գործադիրին, հանձնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հավատարմագրային կառավարմանը: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Մենք ոչ թե բաժնեմասն ենք հանձնում, այլ բաժնեմասի կառավարումը»:

Նա նշել է, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունը բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում:

«Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկված է եղել, դա կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ կառավարությունը ներկայացուցիչ կունենա ԶՊՄԿ-ում:

2021թ․ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ 15 տոկոս մասնակցություն ունի նաև ԶՊՄԿ-ն։