7 հունվարի 2022 - 19:01 AMT
Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների ավելացումը չեն քննարկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ի հեռախոսազրույցում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ»,- պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին, գրում է Interfax-ը։

Ավելի վաղ նման հնարավորությունն անհրաժեշտության դեպքում թույլատրելի էր համարել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, իսկ Ղազախստանի ԱԳՆ-ում նշել էին, որ առաքելության ժամկետը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։

Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

Photo. Ria Novosti