8 հունվարի 2022 - 11:32 AMT
Տոկաև. ՀԱՊԿ ուժերը երկրում կմնան մինչև իրավիճակի կայունացումը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը կմնան երկրում այնքան ժամանակ, մինչև իրավիճակը կայունանա։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ծավալվել են ՀԱՊԿ անդամ երկրների բազմազգ ուժերի խաղաղապահ զորքերը, որոնք կմնան երկրում կարճ ժամկետով՝ մինչև իրավիճակի կայունացումը»,-ասվում է գրառման մեջ։

Տոկաևը հայտարարել է նաև, որ վերջին իրադարձությունները Ղազախստանում «ահաբեկիչների և ավազակախմբերի հարձակման» արդյունք են։

«Մենք ստիպված էինք գործ ունենալ լավ զինված, նախապատրաստված ավազակախմբերի հետ, ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի։ Հենց ավազակախմբերի և ահաբեկիչների»,-ասել է Տոկաևը, գրում է BBC-ն։

Ըստ նրա, միայն Ալմաթիի վրա «20,000 բանդիտ է» հարձակվել։

Ղազախստանում նաև ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը; Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հայտնի է դարձել, որ բողոքի ակցիաներին մասնակցության համար Ղազախստանում օտարերկրացիներ են ձերբակալվել։ Ընդհանուր առմամբ 4266 մարդ է բերման ենթարկվել։

Ըստ Ղազախստանի իրավապահ մարմինների, Տարազ քաղաքում հատուկ գործողության արդյունքում «վեց ահաբեկիչ է լիկվիդացվել»։ Նշվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան, իրավիճակը հունվարի 8-ի առավոտյան հանգիստ է։ Աշխատում է տրանսպորտը։ Սակայն ինտերնետ դեռևս չկա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

Photo. Ria Novosti